Ուկրաինական ԶՈւ–ի հարվածից խափանվել է Զապորոժիեի ԱԷԿ-ից Դնեպր տանող վերջին հաղորդման գիծը

Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամը հայտնել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ից Ուկրաինային էլեկտրաէներգիա մատակարարելն անհնար է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական կողմը խափանել է Զապորոժիեի ԱԷԿ-ից Ուկրաինային գնացող վերջին` չորրորդ հաղորդման գիծը։ Տեղեկությունը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտնել է շրջանային վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Երեկ, որքան գիտեմ, չորրորդ գիծն ընդհատվել է, հետևաբար անհնար է էլեկտրաէներգիա փոխանցել Դնեպրի աջ ափ... Իմ ունեցած տեղեկություններով` այդ էներգիան չի մատակարարվում (Ուկրաինա - խմբ.), դա անելու ֆիզիկական հնարավորությունը չկա»,- ասել է Ռոգովը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 183-րդ օրը։