ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հայաստանի տնտեսության մեջ այս տարվա առաջին կիսամյակում գրանցված աճին զուգահեռ դրամատիկ կերպով աճում է նաև աղքատության ցուցանիշը։ Այսօր հրավիրված ասուլիսում նման դիտարկում արեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը։ Նրա խոսքով` Համաշխարհային բանկն ու մի շարք այլ միջազգային կազմակերպություններ ահազանգում են, որ Հայաստանում տնտեսական երկնիշ աճին զուգահեռ մինչև տարեվերջ գրանցվել է նաև աղքատության երկնիշ աճ։
«Եվ այդ աղքատության աճը տարվա սկզբի 27 տոկոսի փոխարեն տարվա վերջում կարող է հասնել ընդհուպ 48 տոկոսի, և սա մեր ամենամեծ ահազանգն է ՀՀ իշխանություններին, քաղաքական դաշտին, հասարակական ակտիվին, մասնավորապես` գիտափորձագիտական հանրությանը, որպեսզի միավորելով ջանքերը` փորձեն մեղմել այս ահագնացող ցուցանիշի հետևանքները մեր հասարակության վրա»,– ասաց նա։
Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը տնտեսական աճին զուգահեռ աղքատության աճի իրողությունը պարադոքսալ որակեց, քանի որ տնտեսության աճը պետք է հանգեցնի բնակչության եկամուտների աճի ու աղքատության կրճատման, մինչդեռ Հայաստանում այսօր հակառակ պատկերն է։
Մանասերյանի խոսքով` եթե աղքատությունը մոտենում է 48 տոկոսի, իսկ Շիրակի մարզում այդ ցուցանիշն արդեն վաղուց անցել է 50 տոկոսից, նշանակում է, որ ՀՀ ամեն երկրորդ քաղաքացին այսօր արդեն աղքատ է։
Այս պայմաններում, ըստ նրա, հայաստանյան տնտեսությունը վերջին ամիսներին, ըստ էության, աշխուժացել է հիմնականում ՌԴ–ից ՀՀ տեղափոխվածների հաշվին, որոնք խթանել են սպառումը` սկսած լայն սպառման ապրանքներից մինչև անշարժ գույքի շուկա։
«Բայց մեզ պետք է այս ամենը չոգևորի, որովհետև սա ես անվանում եմ տնտեսական դոպինգ։ Երբ դոպինգի ազդեցությունը վերջանա, խաղաղություն հաստատվի, իսկ դա պետք է լինի անպայման, այս դեպքում Հայաստանը մտածելու շատ բան կունենա»,– ասաց Մանասերյանը։
Նույն ակումբի ադամ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն էլ շեշտեց, որ տնտեսական աճ–աղքատություն պարադոքսը վկայում է այն մասին, որ մեր տնտեսությունը հիվանդ է և ունի լուրջ խնդիրներ
«Առաջին խնդիրը առևտրային հաշվեկշռի շատ կտրուկ դիսբալանսն է, երկրորդը` գործազրկությունը, երրորդը` միգրացիան։ Այս երեք խնդիրների նկատմամբ մեր կառավարությունը պետք է շատ ուշադիր լինի ու առաջին հերթին ուշադրություն դարձնի։ Հուսով եմ, որ երբեմն–երբեմն գոնե կլսեն տնտեսագետներին, որոնք ունեն ապրած կյանքի փորձ»,– ասաց Թավադյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է, որ 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ երկրների հետ առևտրի ծավալներում զգալի աճ է ապահովել. փոխադարձ առևտուրը 2021թ–ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 52,5%-ով` հասնելով 1.7 մլրդ դոլարի, արտահանումն աճել է 48,9%-ով, ներմուծումը` 54,2%-ով։