Սրտի տասնօրյակ` Հայաստանում. ցանկացողները կկարողանան զննում անցնել

Զննում. Արխիվային լուսանկար
Սեպտեմբերի 24-ին առաջին անգամ կանցկացվի հայ-ռուսական ֆորում, որտեղ 2 երկրների սրտաբաններն ու ակադեմիկոսները կխոսեն սրտաբանության խնդիրների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Սեպտեմբերի 23-ից, 10 օր շարունակ, կենտրոնում տեղադրված տաղավարներում ցանկացողները կկարողանան զննում անցնել։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարությունը` հավելելով, որ դա կիրականացվի Սրտի համաշխարհային օրվա` սեպտեմբերի 29-ին միջոցառումների շրջանակում։
Տաղավարներում մասնագետները կորոշեն արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, կչափեն զարկերակային ճնշումը։
«Այն մարդիկ, որոնց մոտ շեղումներ կհայտնաբերվեն, նրանց ուղեգրեր կտրվեն, որպեսզի գնան պոլիկլինիկա և անհրաժեշտ դեպքում նաև բուժում ստանան»,–ասում է Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ Համլետ Հայրապետյանը։
Նշվում է նաև, որ այդ օրերին կլինեն նաև իրազեկման ակցիաներ` անվանի սրտաբանները, սրտային վիրաբուժները և ոլորտի մասնագետները կխոսեն սիրտն առողջ պահելու կարևորության մասին:
Միաժամանակ, 2 գիտաժողով է նախատեսված. սեպտեմբերի 24-ին առաջին անգամ կանցկացվի հայ-ռուսական ֆորում, իսկ սեպտեմբերի 29-ին Հայաստանի սրտաբանների ասոցիացիան գիտաժողովով հանդես կգա։
Հիշեցնենք, որ Հայաստանում որպես մահացության պատճառ առաջին տեղում են կորոնար անոթների հիվանդությունը և սրտանոթային համակարգի այլ հիվանդությունները: Եթե 1990 թվականին դրանցից մահացել է 7128 մարդ, ապա 2021 թվականին այդ ցուցանիշն ավելացել է՝ կազմելով 8056 մահ։
2021 թվականին սուր ինֆարկտից մահացել է 1354 քաղաքացի։