Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև օգոստոսի 31-ը

Բերձոր տանող ճանապարհ
ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։
Նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները:
ՆԳ նախարարությունը խոստանում է այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ հավելյալ տեղեկություն տրամադրել։
Հիշեցնենք` օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Դրանից մեկ օր առաջ` օգոստոսի 4-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում Արցախը Հայաստանի հետ կապող նոր ճանապարհի նախագիծ է լինելու։