ՌԻԱ Նովոստին և Sputnik-ը կանխել են ԱՄՆ-ից, Բրիտանիայից և Ուկրաինայից եկող DDoS հարձակումը

«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի տեխնիկական ծառայության ներկայացուցչի խոսքով` նույն ցանցահեններն են աշխատել, որոնք փորձել են կոտրել ՌԻԱ Նովոստին և Sputnik-ը նախորդ անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՌԻԱ Նովոստին և Sputnik-ը հետ են մղել արտերկրից եկած հզոր DDoS հարձակումը, որը շուրջ մեկ օր է` չի դադարում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի տեխնիկական մասնագետները։

«Հարձակումը սկսվել է երեկ ժամը 18-ից հետո, այժմ բոլոր հարձակումները չեզոքացվել են։ Հարձակումն իրականացվում էր մի շարք երկրներից, սակայն հիմնականում եղել է ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ուկրաինայի և Թաիլանդի հասցեներից։ Եղել է նաև Ռուսաստանից, հավանաբար ինչ-որ ռուսաստանյան պահուստային ծառայություն են կոտրել»,- ասել է մեդիախմբի տեխնիկական ծառայությունների ներկայացուցիչը։

Ըստ նրա` ամենայն հավանականությամբ` հաքերներ են գործել, որոնք արդեն փորձել են նախորդ անգամ կոտրել ՌԻԱ Նովոստիի և Sputnik-ի ռեսուրսները։
«Գրեթե նույն սխեմայով են գործել, բայց հաշվի առնելով նախորդ փորձը, ավելի խորացված, ավելի հմուտ, ավելի պատրաստված, մի շարք ուղղություններով։ Հարձակում է եղել ոչ միայն մեր առանցքային վեբ կայքերի վրա, հիմնական նպատակը մեդիախմբի ողջ ՏՏ ենթակառուցվածը, արտաքին ու ներքին ծառայություններն ու տեղեկատվական համակարգերը շարքից հանելն էր»,- ասել է նա։
Կիևն ԱՄՆ-ի աջակցությամբ լայնածավալ կիբեռ-սադրանք է պատրաստում ՌԴ-ի դեմ․ ՌԴ ԱԳՆ
Հիշեցնենք` փետրվարի վերջին մարտի սկզբին ՌԻԱ Նովոստիի և Sputnik-ի կայքերն ամբողջ աշխարհով զանգվածային հաքերային հարձակման էին ենթարկվում Anonymous խմբի կողմից Ռուսաստանին կիբեռպատերազմ հայտարարելու և IT ոլորտում Արևմուտքի պատժամիջոցների ֆոնին, սակայն հաքերային բոլոր փորձերը «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մասնագետները հաջողությամբ հետ են մղել։