ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. «Moderna» դեղագործական ընկերությունը դատի է տալիս «Pfizer»-ին և «BioNTech»-ին՝ պնդելով, որ նրանք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար արտոնագրերով պաշտպանված տեխնոլոգիաներ են օգտագործել:
««Moderna»-ն ԱՄՆ Մասաչուսեթսի շրջանային դատարանին և Գերմանիայում Դյուսելդորֆի դատարանին արտոնագրային իրավունքների խախտման վերաբերյալ հայցեր է ներկայացնում «Pfizer»-ի և «BioNTech»-ի դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Moderna»-ն կարծում է, որ «Pfizer»-ի և «BioNTech»-ի մշակած «Comirnaty» պատվաստանյութը խախտում է «Moderna»-ի` 2010-2016 թթ. ներկայացրած արտոնագրերը։ Դեղագործական ընկերությունը պնդում է, որ մրցակիցներն առանց թույլտվության պատճենել են տեխնոլոգիան։
Ընկերությունն ակնկալում է, որ մրցակիցները կփոխհատուցեն արտոնագրված տեխնոլոգիաների օգտագործումը։ «Moderna»-ն չի պահանջի, որ «Pfizer»-ի և «BioNTech»-ի պատվաստանյութերի վաճառքի համար դատական արգելք սահմանվի, չի պահանջի նաև փոխհատուցել պատվաստանյութերը ցածր և միջին եկամուտ ունեցող 92 երկիր մատակարարելու վնասները։