ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ԱտոմայինԷներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կհայտարարի Զապորոժիեի ԱԷԿ իր փորձագետների այցի ժամկետների մասին։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք շատ հաղորդագրություններ ենք տեսել։ Բայց բոլոր նորությունները, որոնք հաստատում են ՄԱԳԱՏԷ-ի այցը կամ հայտարարում են դրա մասին, կլինեն Վիեննայից՝ ՄԱԳԱՏԷ-ից: Մենք աջակցում ենք լոգիստիկայի հարցում։ Բայց նրանք պետք է հաստատեն կամ հայտարարեն, թե երբ կլինի այցը»,-ասել է Դյուժարիկը։
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել էր, որ գործակալության առաքելությունը Զապորոժիեի ԱԷԿ կժամանի առաջիկա օրերին: Նրա խոսքով՝ պետք է որոշել Զապորոժիեի ԱԷԿ-ում գործակալության առաքելության պարամետրերը և, հնարավոր է, նրա մշտական ներկայությունը հաստատել տեղում:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: