Կիևն ամեն ինչ անում է ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը տապալելու համար, բայց չի ստացվի. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
Ուկրաինական զորքը հենց հիմա հարվածներ է հասցնում Զապորոժիեի ԱԷԿ-ին, այդ թվում՝ միջուկային վառելիքի պահեստարանի շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Կիևն ամեն ինչ անում է, որպեսզի խափանի ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցը Զապորոժիեի ԱԷԿ, սակայն այդ հաշվարկները չեն արդարանա։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարարությունը։
«Ռուսական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի ՄԱԳԱՏԷ-ի միջազգային առաքելության այցը տեղի ունենա, անցնի անվտանգ ռեժիմով և կարողանա հասնել իր առջև դրված բոլոր նպատակներին։ Գլխավորն այն է, որ վերջ տրվի Զելենսկու վարչակազմի միջուկային կամայականություններին և դադարեցվեն կայանի ուղղությամբ գնդակոծությունները՝ ապահովելով դրա հետագա անվտանգ շահագործումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ ՌԴ ԱԳՆ–ի` այդ հարցն ավելի ու ավելի արդիական է դառնում՝ հաշվի առնելով, որ ուկրաինական զորքը հենց հիմա նոր հարվածներ է հասցնում ԱԷԿ-ին, այդ թվում՝ միջուկային վառելիքի պահեստարանի շրջանում։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 183-րդ օրը։