Կառավարությունը գումար է հատկացրել Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհի կառուցման համար

Որոշումն ընդունվել է օգոստոսի 25-ին` կառավարության անդամների գրավոր քվեարկության տարբերակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը 8.5 մլրդ դրամ է հատկացրել Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի կառուցման համար։
Որոշումն ընդունվել է երեկ` օգոստոսի 25-ին, գրավոր քվեարկության տարբերակով։

Կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծի համաձայն` վերը նշված գումարից 5 551 808 100 000 դրամը կուղղվի շինարարական աշխատանքներին, 54 052 443-ը` տեխնիկական հսկողությանը, 33 983 547-ը` հեղինակային հսկողությանը։

Նախագիծը մշակել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների կոթողները կտարհանվեն Արցախ, որոշները` Հայաստան
Հիշեցնենք` օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Դրանից մեկ օր առաջ` օգոստոսի 4-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։