ՌԱԴԻՈ

Ի՞նչ կտա Հայաստանին ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի ձևավորումը. Մանասերյանի դիտարկումը

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՏՄ երկրների միջև ընդհանուր գազի շուկայի ձևավորման գործընթացին։
Sputnik
Հայաստանն անպայման պետք է միանա գազի ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացին` սերտելով տնտեսական դիվանագիտության դասերը, որոնք կարևոր են մեր տնտեսության համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` հիշեցնելով, որ Հայաստանը գազ սպառող, այլ ոչ թե մատակարարող երկիր է, ու տնտեսությունն էլ զգալիորեն կախված է այդ էներգակրից։
Նշենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին Ղրղզստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց, որ Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի ձևավորումը և կոնսենսուսի հասնելու համար պատրաստ է կառուցողական երկխոսության։
Մանասերյանը նշում է, որ ընդհանուր շուկայի ձևավորումն ու գազի գնագոյացումն ընդհանրապես պետք չէ պարզ դիտարկել, ինչպես մնացած ապրանքների պարագայում։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ԵԱՏՄ բոլոր հինգ երկրներն առայժմ ունեն բավական տարբեր կառուցվածք ունեցող տնտեսություններ ու կառավարման համակարգեր, ուստի այժմ գնում է դրանց ներդաշնակեցման գործընթաց։
«Հայաստանի համար թե՛ հայ-ռուսական երկկողմ գազային համագործակցությունը, թե՛ ԵԱՏՄ շրջանակում ստեղծվելիք գազի ընդհանուր շուկայի մոդելն ունեն առավելություններ։ Բայց քանի որ խոսքը բազմակողմ համագործակցության մասին է, և կոնկրետ գազի հետ կապված խնդիրները գնալով ամբողջ աշխարհում կրում են ավելի սուր բնույթ, գազի սակագինն ավելի կանխատեսելի և մատակարարման հարցերն ավելի դյուրին դարձնելու համար պետք է համապատասխան ենթակառուցվածքները հնարավորինս մատչելի կերպով ներդաշնակեցնել այդ գործընթացին»,– ասաց տնտեսագետը։
Որպես տնտեսական դիվանագիտության ենթաճյուղ` ՌԴ–ի էներգետիկ, մասնավորապես գազային դիվանագիտությունն, ըստ Մանասերյանի, կրում է շատ հղկված բնույթ, և ցանկացած երկրի հետ հարաբերվելիս հաշվի են առնվում ոչ միայն տնտեսական շահերը, այլև քաղաքական երկխոսությունը, իսկ կոնկրետ տվյալ հարցում նաև ինտեգրացիոն գործընթացները։ Հետևաբար մենք այն հանգրվանում ենք, որ շուրջ երկու տարի գազի միասնական շուկայի ձևավորման շուրջ կայացվում են կարևոր որոշումներ։
Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանն իր ենթակառուցվածքների բազայով որքանով է պատրաստ ինտեգրվել ԵԱՏՄ գազի միասնական շուկայի մոդելին, Մանասերյանն ընդգծեց, որ ընդհանուր սահմանի բացակայությունը գազի սպառման դեպքում մեզ համար նաև որոշակի փորձ է եղել անկախության շրջանում։ Վրաստանով անցնող գազամուղն արդեն ունի այլընտրանք` ի դեմս Ադրբեջանով անցնող գազամուղի, և մենք նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանով ստացել ենք ռուսական գազ, ինչի մասին գիտեն քչերը։
ՌԴ–ն ապագայում մտադիր է շարունակել այդ ուղղությամբ մատակարարումը, որովհետև այդ խողովակաշարն օգտագործելու պարագայում գազի գինը ոչ միայն էժան է, այլև հնարավորություն է ընձեռում տարածաշրջանում ռազմավարական խնդիրները կարգավորել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Ղրղզստանում անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստը։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։