ՀՀ վարչապետը թվարկեց ԵԱՏՄ-ում թվային տնտեսության առավելությունները

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ թվային տեխնոլոգիաների առաջմղումը թույլ կտա առավելագույնս վերացնել առկա առևտրային խոչընդոտները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ԵԱՏՄ-ի շրջանակում ավելի ակտիվ օգտագործել թվային տնտեսության առավելությունները։ Ղրղզստանում ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում` ՀՀ վարչապետը հայտարարեց, որ թվայնացումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում ամուր հիմք է ստեղծում անդամ երկրների արդյունավետ ինտեգրման և փոխգործակցության համար։

«Համաշխարհային փորձն ակներև ցույց է տալիս` որքան նշանակալի կարող է լինել թվայնացման ներդրման տնտեսական արդյունքը։ Տնտեսության և առևտրի ոլորտում թվային տեխնոլոգիաների առաջմղումը կխթանի առկա խոչընդոտների նվազեցմանն ու նույնիսկ լիարժեք վերացմանը, կկրճատի ծախսերն առևտրում ու համագործակցության օղակներում»,- նշեց նա։

Բացի այդ, վարչապետը հավելեց, որ ԵԱՏՄ տրանսպորտային և լոգիստիկ համալիրի կառուցման համար անհրաժեշտ է տնտեսական քաղաքականության համաժամանակեցում ազգային և անդրազգային մակարդակներում և ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի մշակման և գործունեության նկատմամբ մոտեցումների ամբողջականության ապահովում։ Այդ առիթով նա հատուկ նշեց Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ համագործակցությունը։
ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրը 2022 թ-ի առաջին կիսամյակում աճել է 52,5%-ով. Փաշինյան
Վարչապետը համոզված է, որ նոր համագործակցության օղակների ստեղծումն ու ֆինանսական ինստիտուտների գործիքակազմի կիրառումն արդյունավետ խթան կհանդիսանան արդյունաբերական համագործակցության զարգացման համար։

Փաշինյանը մեկ այլ կարևոր ուղղություն է համարում էլեկտրոնային առևտրի զարգացումը. առևտրի ոլորտում վերահսկողության անհրաժեշտությունը հետզհետե ավելի արդիական է դառնում։ Նա կարծում է, որ հարցի զգայունությունը հաշվի առնելով` անհրաժեշտ է համատեղ ուժերով օպերատիվ կերպով շարժվել էլեկտրոնային առևտրի նորմատիվ-իրավական միջավայրի կատարելագործման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 26-ին, Ղրղզստանում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստը։
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ–ում գազի միասնական շուկայի ստեղծման երկխոսությանը. Փաշինյան
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։