ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի ձևավորումը և կոնսենսուսի հասնելու համար պատրաստ է կառուցողական երկխոսության։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ղրղզստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
«Նշեմ, որ ապրանքների և ծառայությունների լիարժեք շուկա ունենալու տեսանկյունից կարևոր ենք համարում տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում ինտեգրումը»,- ընդգծեց նա:
Փաշինյանի խոսքով` տրանսպորտային-լոգիստիկ համակարգերի նկատմամբ ճիշտ մոտեցման դեպքում ոլորտը կարող է դառնալ ԵԱՏՄ զարգացումն առաջ մղող հինական ուժերից մեկը` տարանցիկ փոխադրումների համար ստեղծելով բարենպաստ կազմակերպական-տնտեսական պայմաններ։
«ԵԱՏՄ տրանսպորտային-լոգիստիկ համալիրի կառուցման համար անհրաժեշտ է ազգային և անդրազգային մակարդակներում տնտեսական քաղաքականության սինխրոնիզացիա և ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ստեղծման և գործունեության նկատմամբ մոտեցումների ամբողջականության ապահովում»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 26-ին, Ղրղզստանում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստը։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։