ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կողմերից մեկի առաջարկով որոշել են Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակում գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցը մանրամասն չքննարկել։ Այս մասին ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարության ղեկավարների մասնակցությամբ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Չոլպոն-Աթա–Մինսկ–Երևան–Բիշքեկ տեսակապի ընթացքում պատմել է ԵՏՀ–ի ներկայացուցիչ Իյա Մալկինան։
«Այսօրվա դրությամբ միջազգային պայմանագրի լրամշակման շրջանակում մի քանի դիրքորոշումներ կան, որոնք մինչև վերջ չեն համաձայնեցվել փորձագետների կողմից և պետության ու կառավարության ղեկավարների համաձայնեցված որոշում են պահանջում», – ասել է նա։
Ըստ Մալկինայի` կառավարության ղեկավարների կարծիքների փոխանակման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքը շարունակելու վերաբերյալ` մինչև միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը։
«Սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ պայմանագիրը շրջանակային բնույթ է կրելու, և կողմերը առավելագույն ջանք կգործադրեն, որպեսզի առաջիկա երկու տարվա ընթացքում այն իրավաբանական ուժի մեջ մտնի», – ասել է նա։
Ավելի վաղ ԵՏՀ–ից հայտնել էին, որ տնտեսական միության գազի միասնական շուկան տարեկան 30 մլն խմ է գնահատվում։
Միությունում գազի միասնական շուկայի ձևավորման միջազգային պայմանագիրը պետք է ուժի մեջ մտնի մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։ Փաստաթղթի կատարումը ենթադրում է, որ ԵԱՏՄ բոլոր երկրներում արդյունաբերության համար գազի գնի միասնական համակարգ կներդնեն։ Տարբերությունը պայմանավորված կլինի միայն նրանով, թե ինչ հեռավորության վրա կգտնվեն երկրները գազի հանքավայրերից։