Վրաստանում ՀՀ դեսպանը հետ է կանչվել, նոր դեսպան է նշանակվել

Վրաստանում ՀՀ նոր դեսպան Աշոտ Սմբատյանը. Արխիվային լուսանկար
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը երկու նոր հրամանագիր է ստորագրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին հետ են կանչել պաշտոնից, նման հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Վրաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի Աշոտ Սմբատյանին նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)»,-նշված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ Ռուբեն Սադոյանը 2017-ի հոկտեմբերին էր նշանակվել Վրաստանում ՀՀ դեսպան։ Ինչ վերաբերում է Աշոտ Սմբատյանին, ապա նա 2015-2021թթ. Գերմանիայում ՀՀ դեսպան է եղել, միաժամանակ, 2018-2021թթ. համատեղության կարգով Լիխտենշտեյնում է ներկայացրել ՀՀ-ն։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։