Ուկրաինայի զինվորականները Ավդեևկայի մանկապարտեզում հենակետ են կահավորել. ՌԴ ՊՆ

Միխայիլ Միզինցև
ՌԴ գեներալը նշել է, որ Ուկրաինան լիովին անտեսում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներն ու Ժնևյան կոնվենցիաների նորմերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինվորականները ԴԺՀ–ի Ավդեևկա բնակավայրի մանկապարտեզներից մեկում հենակետ են կահավորել։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Կրթական հաստատության մոտ նրանք զինտեխնիկա են տեղադրել, այդ թվում` հրետանի և ՀԿՌՀ, որոնցից պարբերաբար գնդակոծում են մոտակա բնակավայրերը»,– ասել է գեներալը։
Նրա խոսքով` Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներ են տեղակայվում նաև Նիկոլաևի մարզի Բերեզնեգովատայա գյուղի մշակույթի տանը։ Շենքի մատույցներն ականապատվել են, սակայն տեղի բնակչությունն այդ մասին միտումնավոր չի զգուշացվել։
Բացի այդ, ուկրաինացի զինվորականները հենակետ և հրթիռահրետանային սպառազինության պահեստ են կահավորել Կրիվոյ Ռոգի դպրոցներից մեկում, բայց տեղի բնակչությունը չի տարհանվել։
Պուտինը ՌԴ ԶՈւ զինծառայողների թիվն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Իսկ Արտյոմովսկում ուկրաինացի զինվորականները հենակետ են պատրաստել բնակելի համալիրում` բնակչությանն օգտագործելով որպես կենդանի վահան։
Գեներալը նշել է, որ Ուկրաինայի իշխանությունը հերթական անգամ բացահայտ անմարդկային վերաբերմունք է դրսևորում սեփական քաղաքացիների ճակատագրերի նկատմամբ` լիովին անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներն ու Ժնևյան կոնվենցիաների նորմերը։
Միզինցևը նաև խաղաղ բնակչության տարհանմանն առնչվող տվյալներ է ներկայացրել։ Ըստ այդմ` անցած մեկ օրում Ուկրաինայի և Դոնբասի հանրապետությունների վտանգավոր շրջաններից ՌԴ տարածք է տարհանվել 25 308 մարդ, այդ թվում` 3 482 երեխա։ Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր տարհանվել է 3 655 615 մարդ, այդ թվում` 583 531 երեխա։
Դոնբասի հանրապետություններ և Ուկրաինա է հասցվել 59 645,4 տոննա մարդասիրական օգնություն (2022 թվականի մարտի 2-ից), իրականացվել է 1 505 ակցիա։
Շարունակվում է նաև տարածքների ականազերծումը։ ՌԴ–ի, ԴԺՀ–ի և ԼԺՀ–ի սակրավորները հատուկ գործողության ընթացքում ընդհանուր առմամբ 611 692 պայթյունավտանգ առարկա են հայտնաբերել ու վնասազերծել։
«Ստուգվել է 20 262,746 հա տարածք, 1 401 շենք (որից 13-ը` սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտ), 4 կամուրջ և 202,11 կմ ճանապարհահատված։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 611 692 պայթյունավտանգ առարկա»,– հայտնել է գեներալը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 182-րդ օրը։