ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ճապոնիայի ոստիկանության գլխավոր վարչության պետ Իտարու Նակամուրան հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին՝ հուլիսին Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանությունից հետո։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք մտադիր ենք հիմնովին վերանայել անվտանգության ապահովման ուղիները և ձևակերպել նոր միջոցներ՝ ապագայում նման իրավիճակի կրկնությունը կանխելու համար»,- ընդգծել է նա։
Նակամուրան հայտարարել է նաև, որ մտադիր է հեռանալ իր պաշտոնից «նոր համակարգի իրագործմանը նոր շունչ հաղորդելու համար»։
Սինձո Աբեն մահացու վիրավորում էր ստացել հուլիսի 8-ին Նարա պրեֆեկտուրայում նախընտրական հանրահավաքի ընթացքում իր ելույթի ժամանակ: Հուղարկավորությունն ու դիակիզումը տեղի են ունեցել հուլիսի 12-ին։ Աբեի պետական հուղարկավորությունը նշանակված է սեպտեմբերի 27-ին։
Նա երկրորդ նախկին վարչապետը կլինի հետպատերազմյան շրջանում, որի մահից հետո պետական հուղարկավորություն կկայանա։ Առաջինը Ճապոնիայի նախկին վարչապետ Սիգերու Եսիդան էր, որը մահացել է 1967 թվականի հոկտեմբերի 20-ին։
Սպանության հետաքննության շրջանակներում իշխանությունները խոստովանել են, որ սխալներ են թույլ տրվել նրա անվտանգության ապահովման հարցում։