Շոգ Երևանում սառցե շոու է լինելու. գեղասահորդները խոստանում են զարմացնել հայ հանդիսատեսին

«Ձյունե թագուհին» սառցե շոու
Տարբեր երկրներից Երևանում հավաքված գեղասահորդները դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի մոտիվներով սառցե շոու կներկայացնեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. «Ձյունե թագուհին» սառցե շոուի գեղասահորդները գլխավոր փորձն արեցին Երևանում։ Մայրաքաղաքի կոլորիտից ու ջերմ ընդունելությունից տպավորված մարզիկները խոստանում են հաշված ժամեր անց անմոռանալի հույզեր պարգևել հայ հանդիսատեսին։
«Ձյունե թագուհին» սառցե շոու
«Երևանը շատ կոլորիտային է, հոգեհարազատ, ինչ–որ չափով հիշեցնում է հայրենիքս`Բուլղարիան։ Ինձ տպավորել են քանդակները, որոնք շատ են ու տարբեր, արդեն սկսել եմ ուսումնասիրել, կարդալ յուրաքանչյուրի մասին։ Հինը նորում շատ գեղեցիկ է համադրվում։ Բայց ամենակարևորը` դրանք շատ ջերմ են»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց աշխարհի կրկնակի չեմպիոն Ալբենա Դենկովան, որը հանդես է գալու Ձյունե թագուհու դերում։
Ալբենա Դենկովան ու Մաքսիմ Ստավիսկին
Ջերմ ընդունելությունը տպավորել է նաև աշխարհի կրկնակի չեմպիոն Մաքսիմ Ստավիսկիին։ Նա ուրախ է, որ համագործակցում է տարբեր երկրների երիտասարդ գեղասահորդների հետ, որոնց թվում նաև շատ հայեր կան։ Փորձառու գեղասահորդը խոստովանում է, որ սա փոխշահավետ համագործակցություն է, քանի որ ինքն էլ երիտասարդ մարզիկներից սովորելու բան ունի։
«Երիտասարդ մարզիկներից մենք սովորում ենք լինել անմիջական կամ երեխայի պես մաքուր, իսկ իրենք մեզնից դերասանական խաղն են ընդօրինակում», – խոստովանում է Ստավիսկին։
Իսկ գեղասահորդուհի Էլեն Համբարձումյանը մեծ ձեռքբերում է համարում միջազգային նախագծի իրականացումը Հայաստանում։ Բեմադրության մեջ ներգրավված է Հայաստանի հավաքականի մեծ մասը, և գեղասահորդները կարողանում են կատարելագործել տեխնիկական ու դերասանական հմտությունները։ Նման միջազգային նախագծերը նաև հանրահռչակում են մարզաձևը և ավելացնում գեղասահորդ դառնալու ցանկություն ունեցողների թիվը։
Էլեն Համբարձումյան
«Ամեն ինչ արվել է, որ հանդիսատեսն իրեն զգա հեքիաթում։ Այս շոուն անտարբեր չի կարող թողնել նույնիսկ ամենապահանջկոտ հանդիսատեսին։ Մենք կզարմացնենք ոչ միայն ոչ միայն սահքով, այլև ակրոբատիկ հնարքներով»,– ասում է նա։
Ղազախստանից ժամանած գեղասահորդուհի Էլիզաբեթ Տուրսինբաևան առաջին անգամ է սահելու հայկական սառույցի վրա և խոստովանում է, որ իրեն զգում է ինչպես տանը։ Թեև փոքր–ինչ հուզմունք կա, բայց համոզված է` դերն այնպես կկատարի, որ հանդիսատեսը կկարեկցի իր կերպարին` Գերդային։
Էլիզաբեթ Տուրսինբաևա
«Այստեղ ծանոթացել ու ընկերացել եմ նախագծի մասնակիցներից մի քանիսի հետ, ու հեքիաթն ինձ համար իրական կյանքի է վերածվել»,– նշում է գեղասահորդուհին։
Նշենք, որ սառցե շոուն հայ հանդիսատեսին կներկայացվի օգոստոսի 26-27-ը Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։ Գլխավոր դերերում հանդես կգան աշխարհի կրկնակի չեմպիոն Ալբենա Դենկովան, աշխարհի կրկնակի չեմպիոն Մաքսիմ Ստավիսկին, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Էլիզաբեթ Տուրսինբաևան, IceLab International մրցաշարի արծաթե մեդալակիր Սեմյոն Դանիլյանցը և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մորիս Կվիտելաշվիլին։