Ռուսաստանը կառաջարկի ԵԱՏՄ-ի ներսում ընդլայնել առևտուրն ազգային արժույթներով

Փող
ԵԱՏՄ-ի ներքին փոխհաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի ընդլայնման հարցը կքննարկվի Ղրղզստանում կայանալիք նիստում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանը կառաջարկի քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ազգային արժույթներով առևտրի ընդլայնման հարցը։ РБК-ի տեղեկության համաձայն՝ փոխադարձ առևտրի հաշվարկների համար ԵԱՏՄ-ում ազգային արժույթների օգտագործման ընդլայնումը կքննարկվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որը տեղի կունենա Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում օգոստոսի 25-ին և 26-ին:
Այս հարցի վերաբերյալ զեկույցով հանդես կգա տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:

Ռեշետնիկովի ներկայացուցիչը հայտնել է, որ նախարարը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի գլխավորած պատվիրակության կազմում կմասնակցի նիստին, սակայն չի հստակեցրել, թե ինչ հարցեր են քննարկելու ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններում:

Ռուսաստանի հանձնարարականների նախագծում ասվում է, որ ԵԱՏՄ երկրների փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների տեսակարար կշիռը 2022 թվականին կազմում է 74%։ Դրանցից առյուծի բաժինը ռուբլունն է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ 2021 թվականին գործարքների 71,5%-ը կատարվել է ռուսական արտարժույթով, 26,2%-ը՝ դոլարով և եվրոյով, իսկ ԵԱՏՄ այլ երկրների արժույթներից՝ 1,4 %-ը տենգեով և 0,2%-ը բելառուսական ռուբլով: