Այդպիսի բան նույնիսկ մեզ մոտ՝ Հայաստանում չի եղել 90-ականների առաջին կեսին, երբ որոշ տվյալներով, արտագաղթել է ավելի քան 600 հազար մարդ։ Ու մի տարբերություն էլ՝ եթե օտար ափերում բախտ որոնող հայաստանցիների երազած երկիրը Ամերիկան է, ապա ուկրաինացի փախստականները հիմնականում մնում են Եվրոպայում, որը նրանց համար ամենաբարենպաստ պայմաններն է ստեղծում։ Դատեք ինքներդ։
Հայաստանցու համար, որը ձգտում է մնալ արտերկրում, ամենագլխավոր պրոբլեմներն են կացության և աշխատանքի թույտվություն ստանալը, մեկ էլ՝ բնակարանը։ Ուկրաինացիների դեպքում այդ խնդիրները լուծված են՝ Եվրամիության երկրներում երեք տարի մնալու և աշխատելու իրավունքն ապահովված է, պլյուս՝ տեղի բնակիչները ապաստան են տրամադրում իրենց պատկանող բնակելի տարածքներում։ Երբ ուղիղ վեց ամիս առաջ սկսվեցին ռազմական գործողությունները, եվրոպացիները, այդ թվում՝ լեհերը, գրկաբաց ընդունեցին ուկրաինացի փախստականներին։ Միգուցե դա մարդկային համերաշխության դրսևորում էր, բայց երբ հուլիսի մեկից ուկրաինացիներին ապաստան տված լեհերից շատերը քաղաքավարի կերպով խնդրեցին փախստականներին հեռանալ իրենց բնակարաններից և տեղափոխվել, ասենք, եկեղեցու հանրակացարան կամ լքված զորանոց, պարզ դարձավ, որ նաև նյութական շահագրգռության պահ կար։
Պետությունը լեհական ընտանիքներին ամեն օր վճարում էր 40 զլոտի՝ գրեթե 10 դոլար ամեն ապաստանած փախստականի դիմաց։ Պատկերացրե՛ք` եթե երկու փախստականի էիր տեղ հատկացրել, ամսական ստանում էիր 600 դոլար։ Քիչ փող չէ։ Բայց հուլիսի 1-ից կառավարությունը դադարեցրեց այդ ծրագիրը։
Իհարկե, ուկրաինացի փախստականները կարող են Լեհաստանից տեղափոխվել Եվրամիության մեկ այլ երկիր, օրինակ` հարևան Գերմանիա, որի քաղաքացիներին պետությունը նույնպես շահագրգռում է՝ եթե ապաստան ես տվել ուկրաինացիներին, մեծ զեղչ կստանաս կոմունալ վճարումները կատարելիս, իսկ դա հիմա ամենամեծ խնդիրներից մեկն է Եվրոպայում, որտեղ գազի, էլեկտրաէներգիայի և ջրի սակագները երբեք այդքան բարձր չէին եղել։ Իսկ առջևում ձմեռն է։
Եվ այս աննախադեպ միգրացիոն հոսքի հետ կապված մեկ այլ հետաքրքիր առանձնահատկություն. միայն շատ մեծ վերապահումներով կարելի է Ուկրաինայից դուրս եկածներին անվանել փախստական, նրանք մեծ մասամբ ապահովված մարդիկ են։ Սա իմ գնահատականը չէ։ «Ֆորբս» հանդեսի հետ զրույցում Համաշխարհային բանկում Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոման Կաչուրը փաստում է. «Միայն ապրիլին Ուկրաինայից եկածները Եվրոպայում ծախսել են 2 միլիարդ դոլար։ Ստացվում է, որ մեր փախստականները այնքան էլ փախստական չեն, նրանց ավելի շուտ կարելի է անվանել ունևոր զբոսաշրջիկներ, որոնք ակտիվորեն օգտվում են եվրոպական տարբեր երկրների սննդի կետերից, սուպերմարկետներից ու բուտիկներից»։
Հետ կգնա՞ն արդյոք ուկրաինացիները։ «Եվրոնյուզ» հեռուստաընկերության հրապարակած տվյալներն այսպիսին են՝ 50-ը 50-ի։ Վերլուծաբանները փաստում են՝ կեսը երևի կվերադառնա տուն, մանավանդ, եթե այդ տունը Կիևում է։ Ականատեսների վկայությամբ` եթե մարտ ամսին մայրաքաղաքի բարձրահարկ շենքերում ուշ երեկոյան ընդամենը մի քանի պատուհան էր լուսավորվում, ապա այժմ գնացածների առնվազն 80 տոկոսը վերադարձել է։ Միևնույն ժամանակ, այն արտագաղթածները, որոնք Եվրամիությունում հարմարվել են, լեզուն սովորել են և աշխատանք ունեն, ըստ երևույթին, արտերկրում էլ կմնան, մանավանդ որ հիմա դրսից էլ կարելի է շարունակել համակարգչի օգնությամբ աշխատել նույն ընկերությունում, որը գտնվում է Ուկրաինայում։
Այնպես որ ուկրաինացի փախստականները, կարելի է ասել, շատ ավելի անվտանգ են Եվրոպայի համար։ Ըստ «Ռոսբալտ» գործակալության` Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Մերի Հակոբյանը փաստել է, որ փախստականների 90 տոկոսը կանայք են և երեխաներ։ Պատճառը հայտնի է՝ զորակոչային տարիքի տղամարդկանց պարզապես դուրս չեն թողնում։ Չկա նաև ազգային և կրոնական ավանդույթների ու կանոնների խիստ տարբերություն, ինչպես մի քանի տարի առաջ, երբ Եվրոպան հեղեղեցին Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից և մահմեդական այլ երկրներից եկածները։ Այնուամենայնիվ, պատկերը բավական տխուր է։
Համեմատե՛ք։ Անկախության հռչակումից ի վեր՝ երեք տասնամյակների ընթացքում, Ուկրաինայից արտագաղթել էր մոտ 6 միլիոն մարդ։ Հիմա՝ ավելի քան 10 միլիոն, այն էլ՝ ոչ թե 30 տարում, այլ ընդամենը 6 ամսում։ Իսկ ռազմական գործողությունները շարունակվում են։