Պատժամիջոցների պայմաններում ՌԴ–ն հաջողությամբ համագործակցում է Հայաստանի հետ. Միշուստին

ՌԴ կառավարության ղեկավարը նշել է, որ այս տարվա առաջին կեսին ՌԴ–ի և Հայաստանի միջևապրանքաշրջանառությունն ավելացել է 42%–ով և գերազանցել 1.6 մլրդ դոլարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը ապօրինի հակառուսական պատժամիջոցների պայմաններում հաջող երկկողմ առևտրատնտեսական համագործակցություն են իրականացնում։ Այս մասին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է Չոլպոն-Աթայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Հայ գործընկերների հետ մենք համատեղ օպերատիվ որոշումներ ենք կայացնում, որոնք ուղղված են մեր առևտրատնտեսական համագործակցության պաշտպանությանը` ՌԴ–ի նկատմամբ ապօրինի պատժամիջոցների պայմաններում»,–ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ասել է Միշուստինը։
Ինչպես նշել է ՌԴ վարչապետը, այդ աշխատանքն արդյունք է տալիս։ Այսպես, օրինակ, ընթացիկ տարվա առաջին կեսին երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 42%–ով և գերազանցել 1.6 մլրդ դոլարը։
Բացի այդ, Միշուստինը կողմ է արտահայտվել երկու երկրների գործարարների գործունեության համար հարմարավետ պայմանների ստեղծմանը։
«Դրա համար լավ հարթակ կլինի սեպտեմբերին Հայաստանում կայանալիք ռուսաստանյան ընկերությունների բիզնես առաքելությունը։ Այն կգլխավորի մեր կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը»,–ասել է ՌԴ վարչապետը։
Ըստ նրա` առաջնահերթ ուշադրություն է դարձվում Անդրկովկասում և՛ տնտեսական, և՛ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։
Միշուստինը Փաշինյանին է փոխանցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները։
Վարչապետների հանդիպումը կայացել է «Չոլպոն-Աթա» պետական նստավայրում։
ԵԱՏՄ երկրները համակարգված արձագանքում են մարտահրավերներին. Միշուստին
Նշենք, որ օգոստոսի 25-ին Չոլպոն-Աթա քաղաքում (Ղրղզստան) մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օգոստոսի 26-ին նիստը կշարունակվի ընդլայնված կազմով։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ Այն գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։