ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայտնի է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպման օրը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ կառավարությունից։
«Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսված է Փաշինյան-Ալիև հանդիպում»,- հայտնեցին կառավարությունից։
Հավելենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին՝ Մոսկվայում։
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին ԱԺ միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն բանակցում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման կազմակերպման շուրջ:
Իր հերթին Եվրամիության նախագահ Շառլ Միշելն օրեր առաջ հայտարարել է, որ Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում նոր հանդիպում կանցկացնեն՝ այդպես էլ հստակ ամսաթիվ չհայտնելով։