ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է խստացնել գերբեռնված բեռնատարների վարորդների նկատմամբ կիրառվող տուգանքները։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը երեկ` օգոստոսի 24-ին արժանացել է կառավարության հավանությանն ու առաջիկայում կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։
Նախագծով առաջարկվում է տարբերակված մոտեցում դրսևորել գերբեռնված ավտոմեքենաների վարորդների նկատմամբ կիրառվող տուգանքների հարցում։ Եթե գործող օրենքով մեկ սռնու թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցելու համար սահմանված տուգանքը 200 000 դրամ է` անկախ սահմանված զանգվածը գերազանցելու չափից, ապա փոփոխության նախագծով առաջարկվում է սահմանված զանգվածը մեկ և ավելի տոննա գերազանցելու դեպքում յուրաքանչյուր տոննայի համար սահմանել 200 000 դրամ տուգանք։
Բացի այդ, առաջարկվում է տուգանք սահմանել նաև տեսչական մարմնի ստուգումներին խոչընդոտելու կամ ստուգումը թույլ չտալու համար։ Այս դեպքում տուգանքը կկազմի 50 000 դրամ, իսկ պաշտոնատար անձանց գործողություններին խոչընդոտելու համար` 300 000 դրամ։
Նշենք, որ կառավարության նիստում հիշյալ որոշումն ընդունվել է առանց զեկուցման ու քննարկման, ու թերևս, հենց այս պատճառով հանրային լայն հնչողություն չի ստացել։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ բեռնատարների վարորդները դժգոհ են անգամ գործող կարգավորումներից, որոնք կառավարությունում փաստորեն մեղմ են համարում։
Հիշեցնենք` օգոստոսի 15-ին և 19-ին բեռնատար մեքենաների վարորդները փակել էին Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը` Սիսիանի մերձակայքում: Նրանք պահանջում են վերանայել մեքենաների ծանրաբեռնվածության պահանջները՝ ընդհանուր տոննաժը 26-ից հասցնելով 28 տոննայի (3 սռնանի մեքենաների համար) և վերացնել անիվի սռնիներով կշռումը։
Օգոստոսի 21-ին Սյունիքի մարզպետարանը հայտնեց, որ վարորդների հետ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանդիպումից հետո վարորդները բացել են ճանապարհը, և երթևեկությունը վերականգնվել է։
Վարորդներից մեկը Sputnik Արմենիային հայտնեց, որ մարզպետը խոստացել է քննարկել հարցը։ Վարորդները հայտնեցին նաև, որ քննարկում չի կայացել, իսկ հաջորդ օրվանից դարձյալ տուգանքներ են կիրառվել, ուստի իրենք մտադիր են դարձյալ բողոքի ակցիաներ իրականացնել։