Կապիկի ծաղիկը մեր սահմանների մոտ է. նախարարությունը` երկրում վարակի հնարավոր դեպքերի մասին

Հայաստանի պետական սահմանի անցակետերում ուժեղացվել է սանիտարական-կարանտինային հսկողությունը կասկածելի հիվանդություն ունեցող անձանց վաղ հայտնաբերման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանում առայժմ կապիկի ծաղիկ հիվանդության ոչ մի դեպք չի գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
ԱՀԿ-ն հայտնել է` աշխարհում քանի մարդ է վարակվել կապիկի ծաղիկ հիվանդությամբ
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակվելու առաջին դեպքը։ Վարակի դեպքեր են հայտնաբերվել նաև Ռուսաստանում, Վրաստանում և Թուրքիայում։
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսմամբ՝ կապիկի ծաղիկի տարածման վտանգ կա (ոչ էնդեմիկ երկրներում)»,- նշված է պատասխանում։
Միաժամանակ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ սահմաններում շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները՝ վարակի ներմուծումը կանխելու համար։ Ավելին, երկիրն արդեն համալրվել է թեստերով` վարակի դեպքերը հայտնաբերելու և վերահսկելու համար։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով` մայիսի 28-ից մինչև նոյեմբերի 28-ը արգելվել է ՀՀ տարածք պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը և դրանց փոխադրումը ԵԱՏՄ անդամ երկրից կամ տարանցիկ փոխադրումը հանրապետության տարածքով։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ի դրությամբ աշխարհի 92 երկրներում գրանցվել է կապիկի ծաղիկի 35 հազար դեպք, մահացել է 12 մարդ։
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում կապիկի ծաղիկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել