ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ են հղել Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուին Անկախության տոնի կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում են վարչապետի և նախագահի աշխատակազմերի մամուլի ծառայությունները։
Փաշինյանը վստահ է, որ երկու պետությունների և ժողովուրդների միջև պատմականորեն առկա բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի բարօրություն ժողովուրդների և ի շահ պետությունների:
«Մաղթում եմ Ձեզ աշխատանքային արդյունավետ գործունեություն և եռանդ, իսկ բարեկամ ուրուգվայցի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»,– ասված է վարչապետի ուղերձում:
ՀՀ նախագահն էլ հիշեցրել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, վերջին 30 տարվա ընթացքում, երկու երկրները ձևավորել են ջերմ հարաբերություններ, զարգացրել են երկկողմ բարեկամական կապեր:
Նա ընդգծել է, որ Ուրուգվայի մեծաթիվ հայ համայնքը, որը զգալի դերակատարում ունի Ուրուգվայի հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ասպարեզներում, ևս կարևոր խթան է միջպետական փոխգործակցության զարգացման և ամրապնդման գործում:
Խաչատուրյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին՝ ի շահ հայ և ուրուգվայցի ժողովուրդների։