ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է ՌԴ դեսպանության նոտային

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ Մոսկվան սպասում է պաշտոնական Երևանի պատասխանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն սահմանված կարգով պատասխանել է ՌԴ դեսպանության նոտային։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Նոտայի բովանդակությունը, սակայն, արտաքին քաղաքական գերատեսչությունը չի բացահայտում։

«Նոտայի բովանդակությունը ներքին դիվանագիտական գրագրության մաս է կազմում և, ըստ այդմ, ճիշտ չենք համարում դրա հրապարակումը»,– ասված է Sputnik Արմենիային տրված մեկնաբանության մեջ։

Հիշեցնենք` օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը Ռուսաստանի հասցեին արվող տեղեկատվական շահարկումների պատճառով նոտա է հղել ՀՀ ԱԳՆ–ին։ Դեսպանատան հայտարարության մեջ նշվում էր, որ վրդովված են տեղական տեղեկատվական տիրույթում շրջանառող ցինիկ շահարկումներից, որոնք անարգող և կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մեղսակից լինելու մասին։
Օգոստոսի 18-ին ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը հայտարարել էր, որ Մոսկվան սպասում է պաշտոնական Երևանի պատասխանին՝ կապված Հայաստանի ԱԳՆ-ին ուղղված նոտայի հետ։