ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակվում է։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։
«Դա արդյունավետ երկխոսություն է: Երկու օր առաջ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ հեռախոսազրույցում ևս ընդգծեցինք Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրման 25-ամյա հոբելյանի կարևորությունը: Ընդհանրապես, այս տարին մեզ համար հոբելյանական է: Ապրիլին մենք նշեցինք Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Այս օրերին նոր հոբելյան ևս ունենք, և վստահ եմ, որ այս հոբելյաններն արտացոլում են մեր հարաբերությունների մթնոլորտը»,– ասել է նա:
Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների` միասին հնարավոր կլինի հաղթահարել այն իրավիճակները, որոնք խնդիրներ են ստեղծում տնտեսությունների, համագործակցության համար:
«Շատ ուրախ եմ, որ այսօր էլ հնարավորություն ունենք քննարկելու մեր երկկողմ հարաբերությունների լայն օրակարգը: Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, ապա մենք նեղ կազմով շատ մանրամասն ամեն ինչ քննարկեցինք, և կարծում եմ` եկանք կառուցողական լուծումների»,– նշել է նա:
Նա ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել այն օպերատիվ լուծումների համար, որոնք ընդունվել են Վերին Լարսի անցակետում ճգնաժամային իրավիճակների համատեքստում:
Նշենք, որ օգոստոսի 25-ին Չոլպոն-Աթա քաղաքում (Ղրղզստան) մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օգոստոսի 26-ին նիստը կշարունակվի ընդլայնված կազմով։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ Այն գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։