ԵԱՏՄ երկրները համակարգված արձագանքում են մարտահրավերներին. Միշուստին

Միխայիլ Միշուստին
ՌԴ վարչապետը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունն ապացուցում է իր արդյունավետությունն ու կայունությունը դժվար իրավիճակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Միջազգային հարաբերություններում բարդ ժամանակներ են, բայց ԵԱՏՄ պետությունները համակարգված արձագանքում են մարտահրավերներին` թույլ չտալով, որ իրենց տնտեսությունները փլուզվեն։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Միջազգային հարաբերությունների և արտաքին տնտեսական համագործակցության կառուցվածքը բավական բարդ փոփոխություններ է ապրում, ինչը պայմանավորված է նաև Արևմուտքի հավաքական գործողություններով»,- ասել է Միշուստինը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը։
Նա նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունն ապացուցում է իր արդյունավետությունն ու կայունությունը դժվար իրավիճակում։
ՌԴ վարչապետի խոսքով` այս տարվա առաջին եռամսյակում ԵԱՏՄ ՀՆԱ-ի ծավալը գերազանցել է 470 մլրդ դոլարը։
«Պատժամիջոցների պայմաններում մեր երկրների համար լրացուցիչ հնարավորություններ են բացվում, և ես կարծում եմ, որ այժմ շատ կարևոր է դրանցից գրագետ օգտվելը»,- ասել է նա։
Միշուստինը պարզաբանել է, որ խոսում է արդյունաբերական համագործակցությունն ուժեղացնելու, նոր, այդ թվում` բարձր տեխնոլոգիական նախագծեր գործարկելու մասին։ Դա թույլ կտա, որ ԵԱՏՄ-ն կախված չլինի ներմուծումից։
Ռուսաստանի վարչապետի խոսքով` անհրաժեշտ է բացառել միության շրջանակում համագործակցելու արհեստական խոչընդոտները և թույլ չտալ, որ նոր արգելքներ ի հայտ գան։
«Համոզված եմ, որ մենք թույլ չենք տա չարակամներին սեպ խրել մեր երկրների և ժողովուրդների միջև»,- հավելել է նա։
Փաշինյանը ԵԱՏՄ մյուս վարչապետների հետ Իսիկ Կուլ լճի ափին է․ տեսանյութ
Միշուստինը հանդիպման մասնակիցներին է փոխանցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բարեմաղթանքները։
Նշենք, որ օգոստոսի 25-ին Չոլպոն-Աթա քաղաքում (Ղրղզստան) մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օգոստոսի 26-ին նիստը կշարունակվի ընդլայնված կազմով։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ Այն գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Ռուսաստանը կառաջարկի ԵԱՏՄ-ի ներսում ընդլայնել առևտուրն ազգային արժույթներով