ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Բերձորից և Աղավնոյից Սյունիքի մարզում 20 ընտանիք է հաստատվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեք բնակավայրերի՝ Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչները ստիպված են մինչև օգոստոսի 25-ը լքել իրենց տները։
«Մեծամասնությունը կացարաններով ապահովված են, բայց մի քանի ընտանիք էլ չի կողմնորոշվում որտեղ բնակություն հաստատել` Գորիսո՞ւմ, թե՞ Սիսիանում։ Բայց մոտ օրերս էլ նրանք էլ արդեն որոշում կկայացնեն և վերջնական պատկերը կունենանք»,–ասաց Ղազարյանը։
Սյունիքում հաստատվածների հետ Ղազարյանն ամենօրյա կապի մեջ է` արցախցիներն այս պահին որևէ խնդրի մասին չեն ահազանգում, քանի որ փորձում են տեղավորվել։ Փոխմարզպետը հայտնեց, որ հաջորդ շաբաթ պետք է սկսեն այցելել Սյունիքում տեղավորված արցախցիներին, որպեսզի նրանց կարիքները գնահատեն։
Հիշեցնենք` օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Դրանից մեկ օր առաջ` օգոստոսի 4-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում Արցախը Հայաստանի հետ կապող նոր ճանապարհի նախագիծ է լինելու։