Բացասական կանխատեսումներն իրականություն չդարձան․ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահին

Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ. Արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետն ասել է, որ կորոնավիրուսից հետո ստեղծված իրավիճակը իր հետ բերել է նոր մարտահրավերներ, սակայն նաև ստեղծել է նոր հնարավորություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հանդիպմանը գոհունակություն է հայտնել, որ ԵԱՏՄ առևտրաշրջանառության վերաբերյալ բացասական կանխատեսումներն իրականություն չդարձան։
«Կարող եմ նշել, որ Եվրասիական տնտեսական տարածքում բացասական կանխատեսումներն իրականություն չդարձան, հակառակը` հաստատվեց իրավիճակի մեր ընկալումը, քանի որ մենք հստակ ֆիքսել էինք, որ համավարակից հետո ստեղծված իրավիճակը, իհարկե, իր հետ բերում է նոր մարտահրավերներ, սակայն նաև ստեղծում է նոր հնարավորություններ», - ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն այժմ կենտրոնացել է նոր օրակարգի վրա, որի նպատակն է կառավարել մարտահրավերները և օգտագործել այն հնարավորությունները, որոնք ստեղծվում են:
«Երբ նայում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում առևտրաշրջանառության թվերին, տեսնում ենք, որ կան աճի մեծ ցուցանիշներ` 2021 թվականի հետ համեմատ: Իհարկե, սա պետք է արձանագրել, բայց չպետք է հանգստանալ, քանի որ դժվար ժամանակները, ցավոք, չեն ավարտվել: Անհրաժեշտ է կենտրոնանալ` փորձելով պահպանել ԵԱՏՄ երկրների միջև առկա առևտրաշրջանառության տեմպը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ արդյունավետ կաշխատի և ընդունվելիք որոշումներն օգտակար կլինեն քաղաքացիներին, երկրներին և միությանը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան։
Օգոստոսի 25-26-ը ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որը տեղի կունենա Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Աթա քաղաքում։