ԱՄՆ–ն կոչ է անում հրաժարվել Զապորոժիեի ԱԷԿ–ի մոտակայքում ռազմական գործողություններից

Պետդեպարտամենտ
ԱՄՆ–ն կրկին խոսել է Զապորոժիեի ԱԷԿ–ի շուրջը ապառազմականացված գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ–ն կոչ է անում հրաժարվել Զապորոժիեի ԱԷԿ–ի մոտակայքում ռազմական գործողություններից և հորդորում է ապառազմականացված գոտի ստեղծել։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղարի` սպառազինությունների վերահսկման գծով տեղակալ Բոննի Ջենկինսը։
«Մենք շարունակում ենք կոչ անել դադարեցնել ռազմական գործողությունները միջուկային օբյեկտներում կամ դրանց մոտ, Ուկրաինային վերադարձնել դրանց նկատմամբ վերահսկողությունը և ատոմակայանների շուրջը ստեղծել ապառազմականացված գոտի։ Հենց դրա անհրաժեշտությունն ենք մենք ընդգծում»,– ասել է նա։
Ջենկինսն ավելացրել է` ատոմակայանի մոտակայքում ընթացող մարտական գործողությունները վտանգավոր են և անպատասխանատու։
Ուկրաինայի ԶՈւ-ն շարունակում է գնդակոծել Զապորոժիեի ԱԷԿ-ն ու Էներգոդարը։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության` միայն վերջին մեկ օրում 7 հարված է հասցվել այն շրջանին, որտեղ գտնվում է կայանը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: