ԱՄՆ-ն չի շտապում վերսկսել ՌԴ-ի հետ միջուկային զինաթափման շուրջ երկխոսությունը. դիվանագետ

Անդրեյ Բելոուսով
Անդրեյ Բելոուսովն ընդգծել է, որ Ռուսաստանը լիովին գիտակցում է իր պատասխանատվությունը միջուկային զինաթափման ոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն չի շտապում վերսկսել միջուկային զինաթափման թեմայով երկխոսությունը՝ չնայած ամենաբարձր մակարդակով հնչող հայտարարություններին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս հայտարարությունն արել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին նվիրված համաժողովում ռուսական պատվիրակության ղեկավարի տեղակալ Անդրեյ Բելոուսովը։
«Ռուսաստանը` որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ և երկու խոշորագույն միջուկային զինանոցներից մեկի սեփականատեր, լիովին գիտակցում է իր պատասխանատվությունը միջուկային զինաթափման ոլորտում։ Այս ճանապարհով միայնակ շարժվելն անհնար է»,- ասել է Բելոուսովը լրագրողներին։
Համաժողովից առաջ հրապարակվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որում ասվում է, թե ամերիկյանը վարչակազմը պատրաստ է սպառազինությունների վերահսկման նոր համակարգը անմիջապես քննարկել Ռուսաստանի հետ: Այս համակարգը, ըստ ամերիկյան կողմի, պետք է փոխարինի Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին, որի ժամկետը լրանում է 2026 թվականին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան ԱՄՆ-ից կոնկրետ առաջարկներ չի ստացել այս թեմայով բանակցությունների համար, բայց երկխոսությունն անհրաժեշտ է։
ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ-ի հետ քննարկել սպառազինությունների վերահսկման նոր համակարգը. Բայդեն
Սպառազինությունների կրճատման պայմանագիրն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային սպառազինությունների վերահսկման միակ ռեժիմն է, որը Բայդենի վարչակազմը երկարացրել է հինգ տարով՝ մինչև 2026 թվականը: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն արդեն սկսել էին միջուկային զենքի սահմանափակման վերաբերյալ ապագա պայմանագրի չափորոշիչների հստակեցումը, սակայն երկխոսությունն ընդհատվեց Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո։