Այս ոսկե մեդալի մեջ 23 տարվա քրտինք կա. մարմնամարզիկները շնորհակալագրեր, մրցանակներ ստացան

Վահրամ Դումանյանը և Կարեն Գիլոյանը ուսումնասիրում են Հարություն Մերդինյանը մեդալը
Մարմնամարզությունը Հայաստանում ապագա ունի, քանի որ միջազգային մրցույթներում մեդալներ են նվաճում ոչ միայն հասուն մարզիկները, այլև 15-ամյա պատանիները։ Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի երազանքն է դպրոց ու մարզագույք ունենալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik, Աստղիկ Սյուքիասյան. «Ճիշտ է, երիտասարդ մարմնամարզիկներն ուժերով լեցուն են, բայց ես էլ շատ փորձ ունեմ, ավելի քիչ եմ լարվում»... Եվրոպայի չեմպիոն, 38-ամյա մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն այսպես է նկարագրում իր հաղթանակը, որը գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի համար էլ էր անակնկալ։ Իհարկե, Հարությունից մեդալի ակնկալիք ուներ, բայց ոչ ոսկու։ Մինչ տղաները սպասում են ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը, մարմնամարզիկներից ամենամեծը` Հարությունը, և ամենափոքրը` 15-ամյա Համլետը, կատակում են։
«Ես Համլետից 23 տարի մեծ եմ»,- ասում է Հարությունը։ Համլետն էլ շտապում է ավելացնել. «Հայրս Հարությունի տարիքին է»։
Մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանը, Համլետ Մանուկյանը և Էրիկ Բաղդասարյանը ԿԳՄՍ նախարարությունում
Բայց ո՛չ տարիքային տարբերությունը, ո՛չ էլ մարզադպրոցի բացակայությունը Մյունխենում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանին, Արթուր Դավթյանին, Էրիկ Բաղդասարյանին և Համլետ Մանուկյանին չխանգարեցին լավ ելույթ ունենալ։ Այսօր նրանց շնորհակալագրեր և հատուկ մրցանակներ շնորհեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Միջոցառման ժամանակ նախարարը շտապեց ուսումնասիրել տղաների մեդալները։ Երբ ձեռքը վերցրեց Հարությունի ոսկին, տպավորվեց դրա ծանրությունից։
«Այս ոսկե մեդալի մեջ 23 տարվա քրտինք կա»,- ժպիտով ասաց Հարությունը։
Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը
Նրա խոսքով` դժվար էր նժույգաթափ վարժությունում չեմպիոն դառնալը, քանի որ վնասվածքներ ուներ։ Բայց իրեն ու մյուս մարզիկներին հաջողվեց ևս մեկ անգամ բարձր պահել Հայաստանի դրոշը և հնչեցնել հիմնը։
«Վնասվածքներ կային, որ շատ էին խանգարում, հատկապես իմ տարիքում։ 2016 թվականին մի փոքր հանգիստ էի վերցրել, բայց հետո հասկացա, որ կարող եմ վերադառնալ։ Ընկերներս, մարզիչներս շատ օգնեցին, հատկապես Հայկ Նազարյանը, որն էլեմենտներ փոխեց վարժությունների մեջ։ Միշտ ասում է` եթե կարող ես, ապա մարզվիր»,- պատմեց նա։
Չնայած «Փարիզ-2024»-ը սարերի հետևում չէ, մարզիկը հետագայի համար ծրագրեր չի կազմում։
Նրա խոսքով` եթե ֆիզիկապես պատրաստ լինի, կմասնակցի։
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը
Ի տարբերություն Հարությունի, Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանն արդեն սկսել է ակտիվ մարզումները։ Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով` Արթուրն այսօր այնպիսի հենացատկ է անում, որ եթե դա կրկնի օլիմպիական խաղերի ժամանակ, իր հետևից հասնող չի լինի։

«Արթուրը շատ է ջղայնացել»,- կեսկատակ-կեսլուրջ ասում է մարզիչն ու հավելում, որ մեզ համար Եվրոպայի առաջնությունում Արթուրը հաղթել է։

Արթուրն էլ իր հերթին նշում է, որ իրեն ոչ մի բան չի խանգարել ցատկերը լավ կատարելու համար։
«Բայց մրցավարները որոշեցին, որ պետք է երկրորդ տեղը գրավեմ, կողմնապահություն եղավ, և դա միայն մենք չենք ասում։ Պետք է շատ աշխատենք, մի գլուխ բոլորից բարձր լինենք, որ հետագայում կես միավոր էլ իջեցնեն, դեր չխաղա»,- ասում է Արթուրը։
Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Էրիկ Բաղդասարյանը ԿԳՄՍՆ-ում
Նրա խոսքով` մինչ իրենց ելույթը հեռախոսներով առցանց հետևել են երիտասարդներին` Էրիկին և Համլետին, ու նրանց արդյունքից շատ են ոգևորվել։
Նշենք, որ Էրիկ Բաղդասարյանը ոսկե մեդալ է նվաճել զուգափայտում։ Նրա խոսքով` մրցակցությունը բավական բարդ էր, բայց վարժությունը կատարել է հնարավորինս լավ և արժանացել ոսկե մեդալի։
Մարմնամարզիկ Էրիկ Բաղդասարյանը
Համլետ Մանուկյանն էլ, որը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 2 արծաթե մեդալ է նվաճել նժույգթափերում և օղակների վրա վարժությունում, վստահ է, որ պետք է շատ աշխատի, որպեսզի հետագայում ավելի մեծ հաղթանակներ ունենա։
«Շատ դժվար էր երկու գործիքով եզրափակիչում հանդես գալը , լարվածությունը շատ էր խանգարում, բայց հնարավորինս փորձեցի հաղթահարել»,- ասում է 15-ամյա մարզիկը։
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը
Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն իր հերթին հայտարարում է, որ ամենակարևորն այն է, որ մարմնամարզությունը Հայաստանում ապագա ունի։
«Այժմ, երբ մեր տղերքը մեծացել են, ես էլ եմ մեծացել, թոշակի գնալուց հանգիստ կլինեմ, որ ունենք երիտասարդներ, որոնք այս մարզաձևում հաղթանակներ կունենան։ Միակ նպատակս, երազանքս է, որ դպրոց ու մարզագույք ունենանք»,- ասում է նա։
Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը
Նշենք, որ Հայաստանում չկան միջազգային չափորոշիչներին համապատասխան գործիքներ, մարզադպրոց։ ԿԳՄՍ նախարարությունը խոստանում է, որ դպրոցը պատրաստ լինելուց հետո ամենավերջին սերնդի գործիքակազմ կնվիրի մարզիկներին, որպեսզի ավելի լավ արդյունքներ ունենան և մեծ մրցումներից առաջ ստիպված չլինեն այլ երկրներում մարզվել։
Արթուր Դավթյանն իր մեդալի հետ