Վազաշենում 23-ամյա երիտասարդին սպանած տղամարդը ձերբակալվել է. ոստիկանություն

Ձերբակալված քաղաքացի. արխիվային կադր
Տղամարդը խոստովանել է, որ դեպքը տեղի է ունեցել վիճաբանության ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Տավուշի մարզի Վազաշեն բնակավայրում 23-ամյա երիտասարդին առանձնակի դաժանությամբ սպանած 32-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գյուղի սկզբնամասում օգոստոսի 22-ին հայտնաբերվել է 23-ամյա բնակիչ Սևադա Ղազարյանի այրված դիակը։
«Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում օգոստոսի 23-ին` ժամը 08։30-ին, Իջևանի բաժին է բերվել Այգեհովիտ բնակավայրի 32-ամյա մի բնակիչ։ Նա խոստովանել է, որ օգոստոսի 21-ին` ժամը 21։45-ի սահմաններում, գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարել ու սպանել է 23-ամյա երիտասարդին»,– նշված է հաղորդագրությունում։
Կատարվում է նախաքննություն։
Քննչական կոմիտեն երեկ հայտնել էր, որ մահացած երիտասարդի մարմնին եղել են տարբեր տեսակի վնասվածքներ։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առանձնակի դաժանությամբ սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ։