ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Վանաձորում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ` 38-ամյա տղամարդ է մահացել, տեղեկանում ենք ոստիկանությունից։
Օգոստոսի 23-ին, ժամը 23։55-ին, «Վանաձոր» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Երկաթուղայինների կայարանի մոտից «փակ գանգուղեղային վնասվածք, ճակատ-գագաթային շրջանի պատռված վերք, պարանոցի հեմատոմա» վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդ:
Ստուգման ընթացքում Մոսկովյան փողոցի վթարային շենքում հայտնաբերվել է Վանաձորի 38-ամյա բնակիչ Հովհաննես Հակոբյանի դիակը՝ ճակատի պատռված վերքերով:
Պարզվել է, որ օգոստոսի 23-ին, ժամը 23։15-ի սահմաններում, նշված վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հովհաննես Հակոբյանին և հիվանդանոց տեղափոխված 44-ամյա տղամարդուն մարմնական վնասվածքներ է պատճառել Վանաձորի 57-ամյա բնակիչը:
Օգոստոսի 24-ին, ժամը 01։25-ին, տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն: