Վանաձորում 38-ամյա տղամարդուն սպանել են հայհոյելու համար. ՔԿ

Վանաձոր
ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության մանրամասները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Վանաձորում 38-ամյա տղամարդուն սպանել են հայհոյելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 23-ին` ժամը 23։55-ին, «Վանաձոր» ԲԿ-ից հաղորդում են ստացվել, որ Վանաձորի Երկաթուղայինների կայարանի մոտից վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ (Երևանի բնակիչ): Ոստիկանները Մոսկովյան փողոցի վթարային շենքում հայտնաբերել են Վանաձորի 38-ամյա բնակիչ Հովհաննես Հակոբյանի դիակը՝ ճակատի պատռված վերքերով:
Քննչական գործողությունների արդյունքում պարզվել Է դեպքի շարժառիթը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակիչ է:
38-ամյա տղամարդը բնակվել է վերոհիշյալ հասցեում: Դեպքի օրը 44-ամյա և 57-ամյա քաղաքացիներն այցելել են 38-ամյա տղամարդուն և միասին ալկոհոլ օգտագործել: Այդ ընթացքում 57-ամյա տղամարդու կինը, տեղեկանալով ամուսնու գտնվելու վայրի մասին, եկել և նրանից պահանջել է հեռանալ, որի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ 38-ամյա տղամարդը հայհոյել է վերջիններիս, ինչին ի պատասխան 57-ամյա տղամարդը մետաղյա տարայով հարվածներ է հասցրել նրա գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Վիճաբանության ընթացքում վնասվածքներ է ստացել նաև 44-ամյա տղամարդը, որը փորձել է բաժանել վիճաբանողներին:
Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակիչը հայտնաբերվել է, ձերբակալվել և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս հարցաքննվել է՝ տալով խոստովանական ցուցմունք:
Նախաքննության ընթացքում դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է արնանման հետքերով մետաղյա տարան, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերցվել են ձերբակալվածի և տուժողների հագին դեպքի պահին եղած հագուստները, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Նախաքննությունը շարունակվում է։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Վազաշենում 23-ամյա երիտասարդին սպանած տղամարդը ձերբակալվել է. ոստիկանություն