Ուկրաինային ռազմական օգնության ամենախոշոր փաթեթը հատկացվեց. Բայդենի հայտարարությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը. Արխիվային լուսանկար
Ռազմական օգնության նոր փաթեթն Ուկրաինային թույլ կտա ձեռք բերել ՀՕՊ համակարգեր, հրետանային համակարգեր և զինամթերք, անօդաչու թռչող սարքերից և ռադարներից պաշտպանող համակարգեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային գրեթե 3 մլրդ դոլարի չափով ռազմական օգնության խոշորագույն փաթեթ հատկացնելու մասին: Տեղեկությունը հայտնել է Սպիտակ տունը։
«Ես հպարտությամբ հայտարարում եմ անվտանգության ոլորտում օգնության մեր խոշորագույն փաթեթի տրամադրման մասին՝ մոտ 2.98 մլրդ դոլարի զենք և հանդերձանք, որոնք տրամադրվելու են անվտանգության ոլորտում Ուկրաինային օգնության նախաձեռնության շրջանակներում», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռազմական օգնության նոր փաթեթը Ուկրաինային թույլ կտա ձեռք բերել հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային համակարգեր և զինամթերք, անօդաչու թռչող սարքերից և ռադարներից պաշտպանվելու համակարգեր, որպեսզի երկիրը «կարողանա երկարաժամկետ հեռանկարում պաշտպանվել»:
Օգոստոսի 19-ին Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է Կիևին մատակարարել Sky Eagle հետախուզական անօդաչու թռչող սարքեր, Javelin հակատանկային հրթիռային համալիրներ, ռազմամթերք HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, ինչպես նաև այլ սպառազինություններ:
Բացի այդ, Պենտագոնում հայտարարել են, որ ուսումնասիրում են Ուկրաինային սպառազինության նոր տարատեսակներ մատակարարելու հնարավորությունները, որոնք թույլ կտան երկրի հարավային և արևելյան հատվածներում «փոխել իրավիճակը մարտի դաշտում»: