ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ուկրաինացի զինվորականները պատրաստվում են ԴԺՀ-ում ջրի պոմպակայան պայթեցնել և մեղադրել Ռուսաստանի զորքերին։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Մեր ունեցած հավաստի տեղեկատվության համաձայն՝ ԴԺՀ–ի Նովոմիխայլովկայում ուկրաինական զինված կազմավորումների գրոհայիններն ականապատել են ջրի պոմպակայանի օբյեկտները, որոնք նախատեսում են պայթեցնել և ռուսական զորքերի ստորաբաժանումներին մեղադրել կենսական կարևորության ենթակառուցվածքի օբյեկտներին ոչ ընտրողական հարվածելու մեջ՝ ուկրաինական և արևմտյան ԶԼՄ-ներում հետագա լայն լուսաբանմամբ»,-ասել է նա:
Գեներալը հստակեցրել է, որ «կայանի պայթեցման դեպքում առանց ջրամատակարարման կմնա 11 բնակավայր, ընդհանուր առմամբ` մինչև 12,5 հազար մարդ»:
Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետի խոսքով՝ կայանի հարակից տարածքում ազգայնականները հեռահար հրետանի և ՀԿՌՀ-ներ են տեղակայել, որոնցից պարբերաբար գնդակոծում են մերձակա բնակավայրերը, ինչպես նաև ՌԴ ԶՈւ դիրքերը՝ պատասխան կրակ հրահրելով:
Միխայիլ Միզինցևը հայտնել է նաև, որ ուկրաինական ուժերը տարբեր բնակավայրերում՝ Սլավյանսկում, Նիկոլաևում, Խարկովում և այլ բնակավայրերում կրթական հաստատություններն իրենց համար նոր հենակետերի և զինամթերքի պահեստների են վերածել։ Խաղաղ բնակչության տարհանում կա՛մ չի իրականացվել, կա՛մ էլ բնակիչներին արգելված է լքել իրենց տեղը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 181-րդ օրը։