ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և որպես պատերազմի անմեղ զոհի օրինակ նշել է Դարյա Դուգինային։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով` պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել պատերազմը դադարեցնելու և Զապորոժիեում միջուկային աղետի սպառնալիքը կանխելու համար:
Հռոմի պապն աղոթել է բազմաթիվ զոհվածների, փախստականների, վիրավորների և որբ դարձած ռուս ու ուկրաինացի երեխաների համար։ Նրա խոսքով՝ որբությունը ազգություն չունի՝ անկախ նրանից, թե ովքեր են ծնողներին կորցրած երեխաները։
Նա պատերազմը խելագարություն է համարել։
«Ես մտածում եմ այն խեղճ աղջկա մասին, որը Մոսկվայում իր մեքենայի տակ դրված ռումբից պայթեց»,- ասել է Հռոմի պապը։
Հիշեցնենք` օգոստոսի 20-ի երեկոյան մերձմոսկովյան Օդինցովսկի շրջանում ընթացքի ժամանակ մեքենա է այրվել, որը, քննչական մարմինների տվյալներով, վարել է լրագրող և քաղաքագետ Դարյա Դուգինան։ Հայտնի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինի դուստրը մահացել է։ Նախնական վարկածի համաձայն` դեպքը տեղի է ունեցել մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի պատճառով։
Քրեական գործ է հարուցվել համընդհանուր վտանգ ներկայացնող ձևով կատարված սպանության հոդվածով։
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտարարել է, որ բացահայտել է Դարյա Դուգինայի սպանությունը։