Հայ-ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերություններում իրավիճակն այնքան ծանր է, ու այնքան մեծ անհարթություններ կան ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում, որ ՀՀ վարչապետը շտապում է Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի առիթն օգտագործել` հող նախապատրաստելով ապագա զիջումների համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` նշելով, որ տվյալ համատեքստում պետք է դիտարկել վարչապետի ուղերձի այն հատվածը, որը վերաբերում է մասնավորապես հարևաններին ու դաշնակիցներին։
Նշենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի առիթով շնորհավորական ուղերձում նշել է, որ անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ:
«Քանի որ ամենայն հավանականությամբ նախապատրաստվում են բավականին ծանր որոշումներ, այդ թվում տարածքային, քաղաքական ու տարածաշրջանային նշանակության` կապված Արցախի և հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտումների հետ, ապա տվյալ ուղերձը վարչապետը հենց պատեհ առիթ է համարել, որպեսզի հանրությանը նախապատրաստի, թե ինչու են զիջումներ լինելու և հասկացնի, որ մեր ռազմավարական դաշնակիցը Հայաստանի նկատմամբ հավակնություններ ունեցող հարևանների` Ադրբեջանի և Թուրքիայի ախորժակը չի զսպելու։ Իսկ Հայաստանն իր հերթին չունի այնքան անկախություն, որ ինքնուրույնաբար կատարի այդ հանձնառությունը»,– ասաց քաղտեխնոլոգը։
Հակոբյանի կարծիքով` վարչապետը հայտարարում է, որ իր ժառանգությունը շատ ծանր էր և դրանում իր ոճով մեղադրում է նախկիններին, իսկ այդ դեպքում գործ ունենք գլոբալ մեղադրանքի հետ, թե նախկիններն իրեն նույնիսկ անկախություն չեն թողել որպես ժառանգություն։ Քաղտեխնոլոգի գնահատմամբ` ուղերձի բովանդակությունն արտառոց է, սովորաբար նման դեպքերում ընդունվում են բոլորովին այլ ստանդարտներ։