ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի- Sputnik, Դավիթ Գալստյան. Բեռնատար մեքենաների վարորդները մտադիր են կրկին փակել Երևան-Մեղրի ճանապարհը՝ պահանջելով վերանայել մեկ սռնու վրա թույլատրելի ծանրաբեռնվածության նորմերը։
Օգոստոսի 19-ին բեռնատար մեքենաների վարորդները երկրորդ անգամ փակել էին Մ2 (Երևան-Մեղրի) միջպետական ճանապարհի երթևեկելի հատվածներից մեկը Սիսիանի մերձակայքում: Ինչպես և առաջին անգամ, նրանք պահանջում են վերանայել մեքենաների ծանրաբեռնվածության պահանջները՝ ընդհանուր տոննաժը 26-ից հասցնելով 28 տոննայի (3 առանցքով մեքենաների համար) և ամենակարևորը՝ վերացնել անիվի սռնիներով կշռումը։
Օգոստոսի 21-ին Սյունիքի մարզպետարանը հայտնեց, որ վարորդների հետ հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Հանդիպումից հետո վարորդները համաձայնեցին բացել ճանապարհը և երթևեկությունը վերականգնվեց։
Sputnik Արմենիայի թղթակիցը դիմել է մարզպետարան՝ խնդրելով պարզաբանել, թե ինչի մասին է մարզպետը պայմանավորվել վարորդների հետ։ Այնտեղից հայտնեցին, որ պայմանավորվածություններ չեն եղել։
«Մարզպետը վարորդների հետ պայմանավորվածություններ չունի, ուղղակի գնացել, լսել է նրանց խնդիրներն ու բողոքները և դրանք ներկայացրել մայրաքաղաք՝ վերադաս մարմիններին, որոնց պատասխանատվության դաշտում է այդ խնդիրների լուծումը, իսկ վարորդներին ասել է, որ ճանապարհը պետք է անխափան ու բնականոն գործի»,-հայտնեցին մարզպետարանից։
Իր հերթին վարորդներից մեկը Sputnik Արմենիային հայտնեց, որ մարզպետը խոստացել է, որ պետք է հարցի քննարկում կայանա։ Մարդիկ ցրվել են՝ հույս ունենալով, որ ինչ-որ լուծում կգտնվի։
Այդ օրը վարորդներին բաց թողեցին առանց տուգանքների, սակայն հաջորդ օրը կրկին սկսեցին տուգանել սռնու գերքաշի համար։
«Ոչինչ չի փոխվել։ Մեկ օրում տուգանվել է ավելի քան 50 մարդ։ Ճանապարհը կրկին կփակվի։ Այլ տարբերակ, միանշանակ, չկա։ Հարցին մատների արանքով են նայում, բայց մարդիկ խնդրի առաջ են կանգնած։ Իշխանությունները որոշել են առավելագույն քաշը՝ լավ, ոչ մի խնդիր, վարորդները միայն ուրախ կլինեն, որ ասֆալտը չի փչանում։ Բայց հիմնական խնդիրը սռնու առավելագույն թույլատրելի ծանրաբեռնվածության գերազանցման համար տուգանքներն են»,- ասաց վարորդը։
Նրա խոսքով՝ մարզպետին ուղղված հարցեր չկան, քանի որ որոշումը պետք է կայացվի նախարարությունում, որտեղ խնդրի հետ կապված իրական վիճակը չեն պատկերացնում։
Ճանապարհ փակելը ծայրահեղ տարբերակ է, բայց լսելի լինելու այլ տարբերակ, ըստ նրա, չկա։
Մեկ այլ վարորդ Sputnik Արմենիային հայտնեց, որ վարորդներին տուգանում են 200 հազար դրամով, նույնիսկ եթե մեկ սռնու ծանրաբեռնվածությունը գերազանցում է ընդամենը 10 կգ-ով, առանց հաշվի առնելու, որ մեքենայի ընդհանուր քաշը թույլատրելի նորմայի սահմաններում է:
Նա դժգոհեց, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, մեկնաբանելով Սիսիանի իրավիճակը, հայտարարել է, որ մեքենաները 26 տոննայի փոխարեն 48-50, երբեմն 52 տոննա են կշռում:
«Երբ մենք նրա հետ խոսում էինք (Սիսիանում,– խմբ.), նա մեզ հետ նորմալ շփվում էր։ Բայց չի կարելի հետո գնալ և հեռուստացույցով նման բաներ խոսել։ Նրանք ասում են՝ 26 տոննան մի գերազանցեք` մենք քաշն ավելի քիչ ենք պահում։ Ես 24 տոննայով եմ տանում, իսկ խնդիրը մեկ սռնու ծանրաբեռնվածությունն է»,-ասաց վարորդը։
Նրա խոսքով՝ Սյունիքի մարզպետի հետ հանդիպումից հետո հավաքված մեքենաներն անցել են կշռման կետի վրայով՝ առանց առանցքի ծանրաբեռնվածությունը ստուգելու։ Բայց հաջորդ օրը սկսել են նորից արձանագրել սռնու ծանրաբեռնվածության գերազանցումը և տուգանել։
«Այս անգամ եթե փակեցինք ճանապարհը, էլ չենք բացելու։ Մարդկանց տուգանում են սկզբում 200 հազար, երկրորդ անգամ՝ արդեն 400 հազար դրամով։ Մենք միլիարդատեր չենք, որ այդքան գումար վճարենք»,-նշեց վարորդը։
Նրա խոսքով՝ չի կարելի ամեն անգամ վարորդներին խոստումներ տալ, հետո խաբել։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ վարորդների առաջարկները չեն ընդունվել:
Հիշեցնենք, որ առաջին անգամ այդ շրջանում ճանապարհը փակել էին օգոստոսի 15-ին։
Ավելի վաղ Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ իշխանությունները մտադիր են յոթ ներկառուցված ավտոմոբիլային կշեռք տեղադրել երկրի տարբեր շրջաններում: