Խաղողի մթերումից առաջ պայմանագրերի առյուծի բաժինը կնքված է. Վահան Քերոբյան

Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարարի խոսքով` հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի մինչև մթերման սեզոնը լուծվի պայմանագրեր չունեցողների հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Խաղողի մթերումից առաջ պայմանագրերի առյուծի բաժինը կնքված է։ Երևանում հայ-ռուսական գործարար համաժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մենք համագործակցում ենք մթերողների և խաղողագործների հետ։ Այս պահին քիչ քանակի խաղողագործներ կան, որ պայմանագրեր չունեն։ Հիմա աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի մինչև մթերման սեզոնը նրանք նույնպես պայմանագրեր ունենան»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` եթե մթերման սեզոն մուտք գործեն պայմանագրերով, շատ լավ կլինի, քանի որ դա մեծ ապահովություն և փոխադարձ հավատ է առաջացնում երկու կողմերի միջև։ Ըստ Քերոբյանի` եթե կարողանան 1-2 տարի աշխատել պայմանագրերով, դա առիթ կդառնա, որ խաղողագործների և մթերողների միջև ավելի երկարաժամկետ պայմանագրեր կնքվեն։
Ինչ վերաբերում է խաղողի բերքին, ապա նախարարը նշեց, որ այս տարի այն ավելի առատ կլինի, քան նախորդ տարի։
«Բերքի բաղադրությունն է էապես փոխվել, հիմա ավելի շատ է գինի սարքելու խաղող աճեցվում, ուստի գինեգործության ոլորտը զարգացնելու միտում կա»,– ասաց նա։
Հիշեցնենք` Sputnik Արմենիան նախորդ ամիս անդրադարձել էր մթերման պայմանագրեր կնքելու խնդրին։ Հուլիսի 16-ի դրությամբ մթերող ընկերությունները չէին շտապում պայմանագիր կնքել խաղողագործների հետ, իսկ գյուղացիները բողոքում էին` ասելով, որ եթե այդպես շարունակվի, խաղողի այգիները կքանդեն։