ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Եթե «Սուրմալուում» աշխատող գործարարներն ապահովագրած լինեին իրենց գույքը, ապա կրած վնասների դիմաց փոխհատուցում կստանային։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` հայտարարելով, որ «Սուրմալուի» տնտեսվարողները կառավարությունից փոխհատուցում չեն ստանալու։
«Կառավարությունը չի կարող իր վրա ֆունկցիա վերցնել փոխհատուցելու այն ծախսերը, որոնք պետք է աներ ապահովագրական ընկերությունը։ Եվ, եթե գործարարն այդ ռիսկը մեծ չի համարել, ապա այստեղ կառավարությունն անելիք չունի։ Ես կարծում եմ, որ Հայաստանի բիզնեսը պետք է սովորի աշխատել բարձր ստանդարտներով, և այնտեղ, որտեղ պետք է ապահովագրել իրենց միջոցներն ու գույքը, ապա պետք է դա անեին»,- ասաց Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ կառավարությունում քննարկվում է պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին միայն սոցիալական աջակցություն տրամադրելու հարցը։
Օգոստոսի 19-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ քննարկում են «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից մահացածների ընտանիքներին ու տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու հարցը։
Հնարավոր ծրագրերը, աջակցության ձևն ու չափը, շահառուների շրջանակը դեռ հստակեցվում են։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած։