Կառավարությունից մեկնաբանել են Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման մասին լուրերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Լուրեր էին շրջանառվում, որ օգոստոսի 31-ին կայանալու է Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին հստակ ինֆորմացիա չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեցին կառավարության լրատվական վարչությունից։
ԶԼՄ–ներում լուրեր էին շրջանառվում, որ օգոստոսի 31-ին կայանալու է Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Ըստ լուրերի` հանդիպմանը քննարկվելու է «Զանգեզուրի միջանցքի» հարցը։
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևն օգոստոսի 11-ին հայտարարել էր, որ Մոսկվան մինչև օգոստոսի վերջ նախատեսում է բարձր մակարդակի եռակողմ շփումներ կազմակերպել հայ-ադրբեջանական կարգավորման հարցով:
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին ԱԺ միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն բանակցում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման կազմակերպման շուրջ:
Իր հերթին Եվրամիության նախագահ Շառլ Միշելն օրեր առաջ հայտարարել էր, որ Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում նոր հանդիպում կանցկացնեն՝ այդպես էլ հստակ ամսաթիվ չհայտնելով։