Հայաստանում ներդրում անող գործարարների համար պետությունը ենթակառուցվածքներ կկառուցի

ՀՀ կառավարության շենքը
Համաշխարհային բանկի աջակցությամբ, նման ծրագիր արդեն իրականացվում է ՀՀ զբոսաշրջության ոլորտում։ Նոր ծրագիրը ընդգրկելու է տնտեսության գրեթե բոլոր ոլորտները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ներդրում անող գործարարների համար ՀՀ կառավարությունը նրանց բիզնեսին նպաստող ենթակառուցվածքներով կապահովի։
«Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառումն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։
Ծրագրի նպատակը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով, շահառուների համար անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիություն ապահովելն է` առանց լրացուցիչ ծախսերի իրականացման, օրինակ` ճանապարհների, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և ջրահեռացման և այլն։
«Այս ծրագիրը միտված է օգնել բոլոր ներդրողներին` իրենց ենթակառուցվածքային խնդիրները լուծելու հարցում։ Շատ մարդիկ, ովքեր գործարաններ են կառուցում, հյուրանոցներ, տարբեր տեսակի այլ ներդրումներ անում, գրեթե միշտ խնդիրներ են ունենում տարբեր ենթակառուցվածքների հետ կապված»,– ասաց Քերոբյանը։
Նախարարը նշեց, որ մինչև 500 մլն դրամի ներդրում կատարելու դեպքում, կառավարությունն այդ գումարի 20 տոկոսի չափով ենթակառուցվածքային ապահովում կիրականացնի` ըստ գործարարի ունեցած առաջնահերթության։ 500 մլն–ից ավելի ներդրման դեպքում` կառավարության ներդրումը կլինի 10 տոկոսի չափով։
Ընդ որում, ցանկացած նման գործարք հաստատվելու է կառավարության առանձին որոշումներով։
Քերոբյանը հիշեցրեց, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ, նման ծրագիր արդեն իրականացվում է ՀՀ զբոսաշրջության ոլորտում։ Կառավարության այսօրվա որոշմամբ` նոր ծրագիրը ընդգրկելու է տնտեսության գրեթե բոլոր ոլորտները։
Հայկական ընկերությունները սկսում են զբաղեցնել ՌԴ շուկայում ազատված տեղերը. Քերոբյան