Գուտերեշը կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներին հնարավորինս շուտ այցելել Զապորոժիեի ԱԷԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը . Արխիվային լուսանկար
Համաշխարհային կազմակերպության ղեկավարն ընդգծել է, որ լրջորեն անհանգստացած է Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներին հնարավորինս շուտ այցելել Զապորոժիեի ԱԷԿ։ Այդ մասին նա հայտարարել է համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում։
«Ես ողջունում եմ, որ աջակցություն է ցուցաբերվել նման առաքելության անցկացմանը և կոչ եմ անում, որպեսզի դա տեղի ունենա որքան հնարավոր է շուտ», - ասել է Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
Նա նշել է, որ իրեն լրջորեն անհանգստացնում է Զապորոժիեի ԱԷԿ–ում տիրող իրավիճակը։
«Ցանկացած գործողություն, որը կարող է վտանգել ատոմակայանի անվտանգությունը, ուղղակի անընդունելի է, իրավիճակի ցանկացած հետագա սրացում կարող է հանգեցնել ինքնաոչնչացման»,- ասել է նա։
Ինչպես նշել է գլխավոր քարտուղարը, պետք է ապահովվի կայանի անվտանգությունը և վերականգնվի կայանի քաղաքացիական կարգավիճակը։
Հիշեցնենք, որ ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանի հարակից տարածքը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ այն ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: