Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում օդն ամենաաղտոտվածն է

Երևանի վարչական շրջաններում վերջին շրջանում նկատվում է օդի աղտոտվածության սահմանային թույլատրելի կոնցենտրացիա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում օդն ամենաաղտոտվածն է, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ օգոստոսի 19-22-ը ուսումնասիրվել է Երևանում մթնոլորտային օդի որակը։
Մասնավորապես փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 19-ին, 20-ին և 22-ին, Շենգավիթում՝ օգոստոսի 19-ին, Արաբկիրում և Նոր Նորքում՝ օգոստոսի 20-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 19-ին, 21-ին և 22-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 20-22-ը։
ՀՀ ո՞ր քաղաքների օդն է կեղտոտ, և ինչո՞ւ է այդպես. նախարարությունը տվյալներ է ներկայացրել
Նշված օրերին ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Հավելենք, որ Երևանը Հայաստանի ամենաաղտոտված օդն ունեցող քաղաքների ցանկում է, քանի որ հենց այստեղ է կենտրոնացած արդյունաբերական ձեռնարկությունների առյուծի բաժինը։
Մայրաքաղաքի մթնոլորտի աղտոտման աղբյուրներ են նաև տրանսպորտը, էներգետիկան և քաղաքաշինությունը: