ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ԱՊՀ երկրների ՀՕՊ միասնական համակարգը հաջողությամբ լուծում է հակաօդային պաշտպանության կատարելագործման, ուժերի և միջոցների մարտական կիրառման տեսության և պրակտիկայի զարգացման խնդիրները։ Այս հայտարարությունն արել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը Չոլպոն-Աթայում (Ղրղզստան) ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերի համակարգող կոմիտեի նիստի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում։
Լեբեդևը նաև նշել է, որ ավիացիայի, ռադիոէլեկտրոնիկայի ինտենսիվ զարգացումը, նոր տեխնոլոգիաների համատարած ներդրումը, այդ թվում` տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերի մարտական կիրառումը, համակարգող կոմիտեի առջև մի շարք նոր խնդիրներ են դնում՝ կապված ՀՕՊ սպառազինության կազմի և բնութագրերի, մարտական կիրառման հիմնավորման համակարգային մոտեցման հետ:
Նա ընդգծել է, որ ԱՊՀ հակաօդային պաշտպանության զարգացման գործում վճռորոշ դեր ունի համակարգող կոմիտեն։ Նրա խոսքով` կոմիտեն զգալի ներդրում ունի ԱՊՀ-ի հավաքական հակաօդային վահանի կատարելագործման գործում: