ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Արցախի ջրային կոմիտեի ներկայացուցիչները ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ դեռևս 2021-ից շփվում են ադրբեջանական կողմի հետ և պարբերական այցեր են կատարում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներ։ Նման պարզաբանում է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը` անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններին։
Երեկ ադրբեջանական ԶԼՄ–ները տեղեկություններ են հրապարակել Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության աշխատակիցների կողմից Արցախի ներկայացուցիչների մասնակցությամբ Սարսանգի ջրամբար կատարած այցի մասին, ինչը որոշակի մտահոգություններ է առաջացրել սոցցանցերի հայկական տիրույթում։
«Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի ներկայացուցիչները պարբերական այցեր են կատարում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներ՝ մի շարք համայնքներին (այդ թվում՝ Ստեփանակերտին) մատակարարվող խմելու և ոռոգման ջրերի օգտագործման շուրջ փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերելու և խնդիրների կարգավորման համար: Այդ շրջանակում հերթական հանդիպումը կազմակերպվել էր Սարսանգի ջրամբարի մոտ՝ Սարսանգի ջրերի փոխշահավետ օգտագործման հարցի քննարկման նպատակով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տեղում մտքեր են փոխանակվել ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հնարավոր տարբերակների շուրջ՝ հաշվի առնելով Սարսանգի ջրամբարի հանդեպ Արցախի վերահսկողությունը, իսկ ոռոգման ենթակառուցվածքների հանդեպ՝ ադրբեջանական վերահսկողությունը: Պարզաբանման մեջ ասված է նաև, որ առաջիկայում քննարկումները կշարունակվեն, որոշումները կկայացվեն Արցախի շահերից ելնելով՝ հիմք ընդունելով և՛ էլեկտրաէներգիայի արտադրության, և՛ ոռոգման կարիքները Սարսանգի հատվածում, ինչպես նաև խմելու և ոռոգման ջրերի հետ կապված կարիքները Արցախի այլ հատվածներում:
Արցախի տեղեկատվական շտաբը վստահեցնում է, որ Արցախի իշխանությունները որևէ իրադարձություն թաքցնելու նպատակ չեն հետապնդում։