ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. 8 տարեկան Ռայլի Գրեյսլին նախապատմական շրջանի շնաձկան ատամ է հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ֆոքս Նյուզ» հեռուստաալիքին։
«Otodus angustidens» տեսակին պատկանող այս ձուկը մեգալոդոնի ցեղակիցն է (անհետացած շնաձկների տեսակ, գոյություն է ունեցել 23-3,6 մլն տարի առաջ)։
«Angustidens»-ն ապրել է 33-22 մլն տարի առաջ, և նրա երկարությունը կարող էր հասնել 10 մետրի։ Ռայլիի հայտնաբերած ատամը 12,065 սմ է։
Տղան ատամը գտել է արձակուրդի ժամանակ, երբ հոր, մոր և եղբոր հետ հանգստանում էր Հարավային Կարոլինայում։
Նրա ընտանիքը պատմության սիրահար է. ծնողները երեխաներին այնպիսի ճանապարհորդությունների են տանում, որոնց ընթացքում հնարավոր է հնություններ գտնել։