ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՄԱԳԱՏԷ–ի առաքելությունը Զապորոժիեի ԱԷԿ կարող է այցելել առաջիկա մի քանի օրերի ընթացքում, եթե բանակցությունները հաջող հանգուցալուծում ունենան։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Շարունակում եմ շատ ակտիվ և ինտենսիվ խորհրդակցություններ վարել բոլոր կողմերի հետ, որպեսզի ՄԱԳԱՏԷ–ի այդ կենսական կարևորություն ունեցող առաքելությունը կայանա առանց հետագա ուշացումների։ ՄԱԳԱՏԷ–ի ներկայությունը կօգնի կայունացնել միջուկային անվտանգության հետ կապված իրավիճակը և նվազեցնել Եվրոպայում միջուկային լուրջ վթարի վտանգը», – ասվում է ՄԱԳԱՏԷ–ի կայքում հրապարակված Գրոսսիի հայտարարության մեջ։
Ուկրաինացի զինվորականները շարունակում են պարբերաբար գնդակոծել Էներգոդարը, շրջակա գյուղերն ու Զապորոժիեի ԱԷԿ-ի՝ քաղաքին հարող տարածքը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ այն ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: